1. Ինչու՞ համար պահել ու չվճարել տան վարձը:
- Գուցե ձեզ շատ շուտով գումար հարկավոր լինի: Ոչ մեկս չգիտենք, թե ինչքան երկար կտևեն COVID-19-ի տնտեսական հետևանքները, իսկ մեր կառավարության մինչ օրս ձեռնարկած գործողությունները մեզ ցույց են տալիս, որ նրանք երբեք բավարար չափով չեն ապահովի մեր կեցությունը: Այսպիսի անորոշ ժամանակներում սննդի, դեղամիջոցների և անհրաժեշտ իրերի համար հարկավոր յուրաքանչյուր լումա ավելի կարևոր է, քան ձեր տանտիրոջ գրպանը:
- Դուք պարզապես չունեք վարձի գումարը: Եթե չեք կարող ապրիլին կամ մայիսին տան վարձը վճարել, դուք մենակ չեք: Դուք կարող եք ձեր չվճարումը տեսանելի դարձնել և գործել ուրիշների հետ համահունչ ու միասնաբար ՝ միմյանց աջակցելով և համերաշխության մեջ:
- Նույնիսկ եթե ի վիճակի եք վճարել տան վարձը, խնդրում ենք կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ընտրություն չունեն: Հանուն սոլիդարության տան վարձ չտալու ձեր որոշումը պաշտպանում է բոլորիս և ամրապնդում ամենախոցելի անձանց պահանջները:
Ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ իրենց տներից և վերադառնալ աշխատանքի, վերադառնալ տնտեսական կայուն իրավիճակի: Որքան ավելի շատ վարձակալներ համախմբվեն միմյանց աջակցելու նպատակով, այնքան ավելի լավ կլինի բոլորիս միասնական վիճակը:
2. Կարո՞ղ եմ վտարվել (evicted), եթե ուղարկեմ այս նամակը և չվճարեմ իմ տան վարձը:
Վարձը չվճարելու դեպքում հնարավոր է առաջանան խնդիրներ: Այդ պատճառով մենք վարձակալներին կոչ ենք անում սա չանել մենակ, այլ միանալ ԼԱՎՄ-ին: Այնուամենայնիվ, կան մի շարք պաշտպանություններ, որոնք կօգնեն վարձակալներին այս պահին մնալ իրենց տներում.
- Քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հրամանով վտարման մորատորիումը ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը այն վարձակալների համար, ովքեր ի վիճակի չեն բնակարանային վարձը տալ COVID-19-ի պատճառով: Չվճարված վարձերի մարման ժամկետը Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից հետաձգվել է․ դրանք կարելի է վճարել ճգնաժամի ավարտից մինչև մեկ տարի հետո ընկած ժամանակահատվածում։ Չվճարման նամակ ներկայացնելով ՝ դուք ձեր տանտիրոջը տեղեկացնում եք, որ օգտվում եք այս նոր կանոններից:
- Վտարումը գործընթաց է: Եթե վճարելու կամ հեռանալու 3-օրյա ծանուցում ստանաք, ապա անպայման պատասխանեք այդ նամակին, բայց հիշեք, որ այդ ծանուցումը վտարում ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ: Տանտերը պետք է անցնի դատական պրոցեսով ՝ նախքան կկարողանա ձեզ վտարել ձեր բնակարանից: Սա երկարատև գործընթաց է, որը կարող է տևել շատ ամիսներ: Այդ ընթացքում դուք կարող եք աշխատել ձեր տեղական մասնաճյուղի հետ` իրավական խորհրդատվություն և աջակցություն ստանալու համար:
- Դատարանները փակ են առնվազն 60 օր: Գործերի երկար հերթը վարձակալների օգտին է, քանի որ գործերով հեղեղված դատարանները էլ ավելի երկար ժամանակ կպահանջեն վտարումներին ընթացք տալու համար: Մենք կարող ենք օգտագործել վարձերի անվճարունակության խնդրի մասշտաբը` մեր պահանջներին ուժ ավելացնելու համար:
Քիչ հավանական է, որ արդեն իսկ վարձ վճարելու դժվարություն ունեցող վարձակալները կարողանան երբևէ մարել չվճարած վարձերը, հետևաբար վտարման մորատորիումը պարզապես վարձակալին պարտքի տակ գցել է: Մենք քաղաքից, նահանգից և կառավարությունից պահանջում ենք համաներել ճգնաժամի ընթացքում կուտակված բոլոր բնակարանային վարձերի պարտքերը: Մեզ հարկավոր է ոչ միայն վտարման, այլ նաև վարձավճարների մորատորիում: Մեզ պետք է վարձերի համաներում: Մեզանից որքան շատ մարդ չվճարի տան վարձը, այնքան ավելի քիչ հավանական է, որ նրանք վտարեն բոլորիս, և ավելի ուժեղ կլինի վարձերի համաներման մեր պահանջը: Հսկայական ճնշում է գործադրվում, որ ընտրված պաշտոնյաները ինչ-որ բան անեն: Այն, ինչը մի քանի շաբաթ առաջ անհավանական էր, հանկարծ դարձել է հավանական:
3. Իմ տանտերը չվճարած վարձի ապագա մարման վերաբերյալ պարտավորեցնող փաստաթղթեր է ուղարկել, որպեսզի ստորագրեմ: Ի՞նչ անեմ։
ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՄԻ ՍՏՈՐԱԳՐԵՔ: Դուք պարտավոր չեք ստորագրել որևէ անհատական վճարման պլանի պայմանագիր ձեր տանտիրոջ հետ: Այս պայմանագրերը կարող են օգտագործվել ձեր դեմ՝ ձեզ ստիպելով մարել չվճարած վարձը և խաթարելով վարձերի համաներում պահանջելու մեր միասնական ուժը: Ձեր տանտիրոջ հետ ունեցած ցանկացած հաղորդակցության մասին խոսեք ԼԱՎՄ-ի ձեր տեղական մասնաճյուղի հետ:
4. Արդյո՞ք պարտավոր եմ իմ անվճարունակությունը հաստատող փաստաթղթեր տրամադրել տանտիրոջս։
Ոչ։ Ըստ նահանգապետի հրամանի և Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից հաստատված պաշտպանությունների՝ ցանկալի է, որ վարձակալները պահեն COVID 19-ի հետ կապված դժվարությունները հաստատող փաստաթղթերը, սակայն դրանք տանտիրոջը պարտավոր չեն ներկայացնել։ Հրամաններից ոչ մեկը ձեր տանտիրոջը իրավունք չի տալիս որևէ փաստաթուղթ կասկածի տակ առնել, և նա ոչ մի դեպքում իրավունք չունի ձեզնից պահանջել անձնական բնույթի տեղեկություններ, ինչպիսիք են օրինակ բանկային ամսական հաշվետվությունները։ Օգտագործեք այս ուղեցույցում ներառված ԼԱՎՄ նամակը՝ պատասխանելու համար ձեր տանտիրոջ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին։
5. Ի՞նչ կպատահի, եթե ես վճարելու կամ հեռանալու 3-օրյա ծանուցում ստանամ:
Եթե ստանաք վճարելու կամ հեռանալու 3-օրյա ծանուցում (3 Day Notice to Pay or Quit), դա կնշանակի, որ ձեր տանտերը պահանջում է, որ դուք վճարեք բնակարանային վարձը, այլապես կսկսի ձեր վտարման գործընթացը: Ցանկացած ծանուցում ստանալու դեպքում կապվեք ԼԱՎՄ-ի ձեր տեղական մասնաճյուղի հետ: Մեր խորհուրդն է պատասխան նամակ ուղարկել տանտիրոջը ՝ խնդրելով, որ վարձավճարը չեղարկվի (ներվի) այն ամիսների համար, որոնց ընթացքում չեք կարող այն վճարել: Այս նամակը կհիշեցնի ձեր տանտիրոջը, որ կառավարության ընդունած սահմանափակունմերը՝ ներառյալ բիզնեսների փակումը և տեղում ապաստանելու կարգադրությունը, ձեզ թույլ չեն տալիս եկամուտ վաստակել: Մենք նաև հորդորում ենք ձեզ աջակցել վարձերի համաներման մեր լայնածավալ արշավին` միանալով ԼԱՎՄ-ին, համախմբելով այլ վարձակալների, զանգեր կատարելով և մասնակցելով վարձակալների միության առաջիկա գործողություններին: Միասին մենք կարող ենք բավական ճնշում գործադրել պետական պաշտոնյաների վրա, որ համաներվեն և չեղարկվեն COVID-19 ճգնաժամի ընթացքում կուտակված բոլոր վարձավճարների պարտքերը: Զանգվածային վտարումի վտանգը կանխելու համար մեզ հարկավոր է զանգվածային անդամակցություն:
6. Կարո՞ղ ենք պարզապես սպասել, որ նահանգապետը, քաղաքապետը, կամ նախագահը օգնի մեզ:
Այս ճգնաժամի ազդեցությունը մեր կյանքի վրա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց մինչ վիրուսը տարածվում է, իրական օգնությունը դեռ չկա: Մենք գիտենք, որ երբ գա երկրի կառավարության կողմից սպասվող աջակցությունն, այն ուղղված է լինելու պաշտպանել բանկերի, կորպորացիաների ու տանտերերի շահերը, ինչպես դա եղավ 2008-ի ճգնաժամի ժամանակ: Երբ գա նահանգի աջակցության հերթը, հավանորեն բաշխելու պարտականությունը կփոխանցվի քաղաքներին: Երբ գա քաղաքի աջակցության հերթը, մեզ թվում է դա կլինի նրանց «վտարման մորատորիումի» նման մի բան, որը ընդամենը վարձավճարի վճարման հետաձգում է: Մինչ դեռ, մենք չենք կարող սպասել: Մեր քայլերը մեր հավաքական ուժն օգտագործելու միջոց են, որ ստիպենք կառավարությանը հաշվի նստել վարձակալների կարիքների հետ:
7. Ի՞նչպես պետք է վարվեմ, եթե իմ տանտերը փորձի վրեժխնդիր լինել:
Դուք իրավականորեն պաշտպանված եք տանտիրոջ վրեժխնդրությունից և հետապնդումներից։ Արձանագրեք այդպիսի յուրաքանչյուր միջադեպ և սպառնալիք՝ նշելով ամսաթիվը, ժամը և վկաների անունները, եթե կան այդպիսիք: Լուսանկարեք և տեսագրեք միջադեպերը։ Դուք իրավունք ունեք արձանագրել ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում ձեր բնակարանի կամ տան ներսում։ Փորձեք տանտիրոջ հետ ձեր հաղորդակցությունը գրավոր պահել, որպեսզի ունենաք ապացույց։ Կապվեք ԼԱՎՄ-ի հետ: Տեղյակ պահեք ձեր տեղական մասնաճյուղի մյուս անդամներին, թե ձեր հետ ինչ է կատարվում, որպեսզի կարողանաք միասին գտնել պատասխանելու լավագույն եղանակը:
8. Ինչպե՞ս կարող եմ այս տեղեկություններով կիսել իմ ընկերների, ընտանիքի և հարևանների հետ՝ չխախտելով այս ճգնազամի ընթացքում իրարից հեռավորություն պահելու պահանջը։
Կապվեք մարդկանց հետ հեռախոսի, WhatsApp-ի կամ սոցիալական ցանցերի միջոցով: Փորձեք թռուցիկներ տեղադրել ձեր շենքի նախասրահում, մուտքերում, տարածեք ԼԱՎՄ-ի կոնտակտային տվյալները: Կարող եք ապահով հեռավորություն պահպանելով խոսակցություններ ունենալ ձեր հարևանների հետ՝ նրանց հանդիպելիս կամ թակելով նրանց դռները: Փոխանակվեք կոնտակտային տվյալներով, տեղեկացեք նրանց այս ուղեցույցի մասին, և խրախուսեք միանալ ԼԱՎՄ-ին: